Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարտադրվի Թուրքիայում
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը պայմանավորվել է Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասին, գրում է EADaily-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է թուրքական առաջատար դեղագործական արտադրանքի արտադրողի հետ։ Հիմնադրամն արդեն սկսել է տեխնոլոգիաների փոխանցումը:
Խոսքը բավական խոշոր նախագծի մասին է, որի իրագործումը Թուրքիային թույլ կտա ոչ միայն սեփական բնակչությանն ապահովել պատվաստանյութով, այլեւ վաճառել այն արտահանման։
«Արտադրության պոտենցիալ ծավալը տարեկան «Սպուտնիկ V» պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափերի է հասնում, քննարկվում է նաև հետագայում արտադրության հնարավոր ընդլայնման հարցը։ Պատվաստանյութի մատակարարումը կիրականացվի ինչպես Թուրքիայի ներքին շուկա, այնպես էլ այլ երկրներ», — նշել են հիմնադրամում։
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամում նաեւ նշել են, որ թուրքական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատվաստանյութի նկատմամբ, որի արդյունավետությունը կազմում է ավելի քան 90 տոկոս:
Հատկանշական է, որ ավելի վաղ Հունգարիան ցանկություն էր հայտնել Ռուսաստանից գնել կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակ՝ երկրի մեկ միլիոն բնակիչների պատվաստելու համար: