Տարածված է այն միտումը, որ եթե դատարանները անկախ են օրենսդիր ու գործադիր իշխանություններից, ուրեմն նրանք անկախ են: Իրականում այդ անկախության կամ կախվածության գործոնները շատ ավելի շատ են: Այդ մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքով, դրանք ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից պետք է անկախ լինեն, «քրեական կամ գողական համակարգերից պետք է անկախ լինեն, ընդդիմադիր, իշխանական ուժերից պետք է անկախ լինեն, այլ կլաններից պետք է անկախ լինեն»: «Բացի այս ամենը՝ կա անկախության ներքին մի խնդիր, դա ստորադաս դատարանների անկախությունն է վերադաս դատարաններից», - ասաց նա:
Իրավաբան գիտնականի համոզմամբ, կարծում է Ջհանգիրյանը, ստորադաս դատարանները Հայաստանում ֆունկցիոնալ եւ այլ կախվածություն ունեն վերադասներից: «Վերադաս դատարանի ղեկավարը կարող է թելադրել ստորադաս դատարանի դատավորին ցանկալի որոշումը»,- վստահեցրեց նա եւ շարունակեց.
«2007 թվականին ընդունված դատական օրենսգիրքը ըստ էության մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ եւ բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս դատարանների դատավորներին ցանկալի որոշումը: էդ օրենսգիրքը շատ հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ մոգոնած, հորինած մեղադրանքներով տարիների, երկար ամիսների ազատազրկման դատապարտվեցին»:
Նա նկատեց, որ այդ բուրգը որոշ բացառություններով մինչ օրս գործում է և շատ կարեւրո համարեց ԱԺ օրենսդրական նախաձեռնությունը: «Դրանով կարողանանք հետագայում բոլոր դատավորներին ու դատարաններին հնարավորինս անկախացնել վերադաս դատական ատյանների եւ ԲԴԽ ազդեցություններից», - ասաց նա՝ խոսելով նա գործող դատական համակարգի զտման խնդրի մասին:
«Ցավոք, նոր իշխանության եկած քաղաքական ուժը այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել եւ մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շարժվում է առաջ: Իսկ մաքրման, զտման խնդիր գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս. մասնավորապես, Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ կետը հնարավորություն է տալիս դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ կիրառել եւ այդ հնարավորությունը օրենսդիրը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են համակարգը. ավելի վատ բառեր չեմ ուզում օգտագործել», - նկատեց նա:
Վերջու նա խոսեց ՍԴ-ի լիազորությունների մասին: Ջհանգիրյանի համոզմամբ՝ իր ստեղծման օրվանից ՍԴ-ն փորձել է դառնալ բոլոր դատարանների գերագույն դատարանը:
«Եվ իր որոշումներով մինչ օրս էլ, թող ներեն կոլեգաներս, փորձում են մտնել Վճռաբեկ դատարանի տիրույթ, իրենց որոշումներում օրենքների միատեսակ կիրառման հրահանգներ են տալիս: Այդպիսի իրավունք ունի Վճռաբեկ դատարանը: ՍԴ-ն պետք է հերքի կամ հաստատի այս կամ այն նորմի հակասահմանադրականության խնդիրը եւ ոչ ավելին»,- եզրափակեց Ջհանգիրյանը: