ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Փոփոխություններ հանքերը շահագործող ընկերությունների սեփականատերերի կառուցվածքում
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է ծավալով փոքր, սակայն բարձրարժեք արտադրանք:
«Արդյունահանված արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, երկրի ներսում իրացված մետաղական հանածոների ծավալներն իրացման ամբողջ ծավալի մեջ կազմում են ընդամենը 1.23%։ Հանքավայրերի համեմատաբար քիչ քանակից և անհրաժեշտ ներդրումների մեծությունից ելնելով՝ հանքարդյունաբերության այս ճյուղում գործում են քիչ թվով տնտեսվարող սուբյեկտներ, որոնց կազմը հիմնականում մնում է անփոփոխ, փոխարենը՝ փոփոխությունները տեղի են ունենում հանքավայրը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի կառուցվածքում», - ասված է ուսումնասիրությունում։
Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում հիմնականում իրականացվում է արդյունաբերական նշանակության հանածոների, լցանյութերի և շինարարարական քարերի արդյունահանում, նշում են ՏՄՊՊՀ-ից:
«Թույլտվությունների քանակը գրեթե 14 անգամ գերազանցում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տրված թուլտվությունների քանակը, սակայն ոլորտի տնտեսական նշանակությունը փոքր է, քանի որ ստացվող արտադրանքի արժեքը ծավալային մեծության համեմատ փոքր է։ Այս տեսակի պաշարները հիմնականում հազվագյուտ չեն, և դրանց արդյունահանման տեխնոլոգիան բարդ չէ, ինչով պայմանավորված է ոլորտի մասնակիցների մեծ թիվը և կազմի ու կառուցվածքի հաճախակի փոփոխությունը։
Չնայած տնտեսության մեջ ունեցած դերին և առկա դրական փոփոխություններին՝ պետք է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտը դեռևս չի ապահովում կայուն զարգացում, որը կբավարարի ներկա կարիքները՝ առանց վտանգելու գալիք սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը», - նշում են ՏՄՊՊՀ-ի մասնագետները:
Օրենսդրական դաշտի խնդիրները
Ի թիվս այլ խնդիրների, ՏՄՊՊՀ-ից նշում են, որ ոլորտում առկա են նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն ունեցող մի շարք հնարավոր խնդիրներ, որոնք կապված են ինչպես ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, այնպես էլ թույլտվությունների և իրավունքների տրամադրման, ներկայումս ներդրվող իրական սեփականատերերի բացահայտման գործընթացների և ոլորտում կայուն գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքների հետ։ Այս խնդրահարույց ուղղությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը մեծամասամբ գտնվում է այլ մարմինների իրավասությունների շրջանակներում։
«Նշված խնդիրների մեծ մասի դեպքում լուծման հնարավորություն կարող է ապահովել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման մրցութային ընթացակարգի կիրառությունը, հստակ և երկարաժամկետ ռազմավարության մշակումը, ԱՃԹՆ ստանդարտների շրջանակներում շահառուների բացահայտման և այլ ընթացակարգերի բարելավումը և օրենսդրական բացերի շուտափույթ շտկումը», - ասված է ուսումնասիրության մեջ։