22.11.2024
prev Նախորդ նորություն

«Գրանդ Տոբակո»-ն 1-ին է, «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 2-րդը. 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

2020 թ-ին Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից, որը հրապարակել է 2020 թվականի տարվա 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:


1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ 2020 թվականին վճարվել է 987 մլրդ 637 մլն 185 հազար դրամ հարկեր եւ տուրքեր, որը 74 մլդ դրամով զիջում է 2019 թ. զուցաիշին: 2019-ին 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 1 տրլն 61 մլրդ 188 մլն 702 հազար դրամ հարկեր եւ տուրքեր:


Իսկ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 256 մլրդ 747 մլն 623 հազար դրամ հարկ, ինչը մի փոքր է զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 խոշորների վճարած հարկերին: Նախորդ տարի նրանք վճարել էին 257 մլրդ 366 մլն 423 հազար դրամ։ Առաջին տասնյակի վճարած հարկերը նվազել են 618 մլն 800 հազար դրամով կամ 0.2 տոկոսով:


Ինչպես 2019-ին, այնպես էլ 2020-ին, 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 6 մլրդ 378 մլն 445 հազար դրամով կամ շուրջ 11.2 տոկոսով։


Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 45 մլրդ 548 մլն 610 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 904 մլն 142 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով։


Երրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ հարկերով։ 2019-ի համեմատ ընկերության վճարած հարկերն էականորեն նվազել են, ավելի կոնկրետ՝ 9 մլրդ 670 մլն 854 հազար դրամով կամ շուրջ 18.8 տոկոսով:


4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ ընկերության վճարած հարկերը շեշտակի աճել են՝ 9 մլրդ 354 մլն 388 հազար դրամով կամ շուրջ 68.5 տոկոսով։


2020-ի 5-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 428 մլն 853 հազար դրամով կամ շուրջ 2.2 տոկոսով:


Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 17 մլրդ 997 մլն 998 հազար դրամ հարկով։ Ընկերության վճարած հարկերը 2019-ի համեմատ աճել են 3 մլրդ 944 մլն 181 հազար դրամով կամ շուրջ 28.1 տոկոսով։


7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 81 մլն 319 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 99 մլն 213 հազար դրամով կամ շուրջ 0.6 տոկոսով։


8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 15 մլրդ 223 մլն 861 հազար դրամ հարկով։ Նրանց վճարած հարկերն աճել են 1 մլրդ 523 մլն 503 հազար դրամով կամ 11.1 տոկոսով:


Հայաստանի 9-րդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 14 մլրդ 706 մլն 991 հազար դրամ հարկով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 734 մլն 145 հազար դրամով կամ 11.8 տոկոսով:


Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ վճարած 13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ «ՄՏՍ-Հայաստան»-ի վճարած հարկերն ավելացել են 3 մլրդ 25 մլն 673 հազար դրամով կամ 30.3 տոկոսով: