Երեւան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա
Հունվարի 19-ին, ժամը 18:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան – Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ջրատարում․ տուժածներ չկան։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից եւ հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան – Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12 ավտոմեքենա բախվել է եւ մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա մոտ 30 մ սահել ձորը․ երթեւեկությունը երկկողմանի փակվել է:
Հրշեջ-փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար եւ 5 բեռնատար ավտոմեքենա․ երթեւեկությունը միակողմանի վերականգնվել է։
Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ավտոճանապարհի Երեւան – Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։
Այնուհետեւ հրշեջ-փրկարարները եւս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։