Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով անդրադարձել են Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ միջադեպին: Ներկայացնում ենք լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությունը.
«2021թ. հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։
Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում.
1. ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը,
2. Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,
3. Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ