Ռուս խաղաղապահների համար ԼՂ է բերվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատվաստումը։ Նախօրեին հատուկ թերմոկոնտեյներներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին են տեղափոխել հատուկ նշանակության բժշկական ջոկատ՝ հետագա օգտագործման համար, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներդրվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21-ը՝ երկրորդ բաղադրիչը։ Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ բժշկական ստորաբաժանումների զինծառայողները:
«Այսօր սկսվել է Լեռնային Ղարաբաղում նոր կորոնավիրուսային COVID-19 վարակի դեմ ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստման առաջին փուլը։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին։ Այդ թիվը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմը պատվաստելու համար։
Պատվաստանյութը տեղափոխել են հատուկ թերմոկոնթեյներներով, որոնք ապահովել են փոխադրման ժամանակ պատվաստանյութի պահպանությունը։ Նախատեսվում է պատվաստումն ավարտել ամբողջ անձնակազմի առաջին բաղադրիչով մինչեւ հունվարի վերջ», - նշել է բժշկական ծառայության պետ փոխգնդապետ Օլեգ Բոգաեւը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝ 2020թ.նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: