24.11.2024
Մամուլ. Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը բարիդրացիական մթնոլորտում չի անցել
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի հետ դաշինքի համապարփակ ամրապնդման խելամիտ այլընտրանք չունենք. Սաֆարյան

Առանց առկա իրողությունները պրագմատիկ գնահատելու, Ռուսաստանի հետ դաշինքի նորացման և զարգացման, եվրասիական տարածքում լիարժեք և խորը ինտեգրման, ինչպես նաև առանց Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության աճի մեր երկիրը կարող է բախվել ինքնիշխանությանը սպառնացող իրական խնդրի: Այս մասին VERELQ-ին տված հարցազրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:


- Պարոն Սաֆարյան, երկար տարիներ Դուք աշխատում եք հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, այս ոլորտում, նաև եվրասիական ինտեգրման ոլորտում Հայաստանում ճանաչված փորձագետ եք: Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մոսկովյան հանդիպման արդյունքները:


- Նախ, ես ցանկանում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատման գործում բացառիկ դերակատարության և միջնորդության համար իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանին և նրա նախագահին: Ղարաբաղի վերջին պատերազմը արյունալի և կործանարար էր, այս ցավը դեռ առկա է հարյուր հազարավոր մարդկանց սրտերում: Կցանկանայի հիշեցնել, որ ամենաթեժ մարտերի օրերին Արցախի և Հայաստանի ղեկավարները դիմել էին Ռուսաստանին` հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ռուսաստանը պատասխանեց, նաև այն պատճառով, որ նա անվերապահորեն ամենաազդեցիկ ուժն է հակամարտող կողմերի համար: Կարևոր է, որ Ռուսաստանի դրական դերը հայտարարվեց և հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:


Ի՞նչ ունենք Ռուսաստանի խաղաղ միջնորդության արդյունքում: Հակամարտության գոտում հրադադար, փախստականների և տեղահանվածների վերադարձ իրենց տներ, իրավիճակը կայունացնելու ջանքեր: Հատկապես ուզում եմ նշել, որ Հայաստանի համար այսօր ամենազգայուն խնդիրը ռազմագերիների վերադարձն է ու անհայտ կորածների որոնումը: Այս հարցը լուրջ ազդեցություն ունի մեր երկրի ներքաղաքական իրավիճակի վրա, և հայ ժողովուրդը անկեղծորեն հավատում է, որ Ռուսաստանի օգնությամբ այն կարող է դրական լուծվել:


- Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից կամ այլ ելք ունենալ:


- Որպես փորձագետ և հասարակական գործիչ, ցավում եմ, որ երկար տարիներ հայ հանրային և քաղաքական դիսկուրսում թերագնահատվում էր Լավրովի հայտնի ծրագիրը, որը, ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների իրողությունները, արտացոլում էր միջազգային հանրության, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միասնական տեսակետը: Այժմ ես կարծում եմ, որ մեր քաղաքական և հասարակական գործիչները, քաղաքական փորձագետները, լրագրող-վերլուծաբանները, մենք բոլորս պատշաճ մակարդակով քննարկեինք այդ ծրագիրը և մեր ժողովրդին բացատրեինք այս ամենը առանց ինքնախաբեության, ապա պատերազմից հնարավոր էր խուսափել, իսկ հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունը կարող էր լինել այլ: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք, և այժմ պետք է առաջ նայել:


- Ինչպե՞ս կգնահատեք մեր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության աշխատանքը վերսկսելու հնարավորությունը: Դուք հավատու՞մ եք, որ ժամանակին Հայաստանը և Ադրբեջանը կապող ճանապարհները իսկապես կարող են վերաբացվել:


- Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է, որ մինչև մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին պետք է ներկայացվեն ներկայումս արգելափակված հաղորդակցությունների վերաբացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ: Մենք երկու տասնամյակ վրդովված պնդում էինք, որ Հայաստանը մասամբ շրջափակվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Եվ հիմա հնարավորություն է տրվել վերականգնել մայրուղիների և երկաթուղու աշխատանքը: Բայց մինչ այս հեռանկարը վայելելը, ես կցանկանայի մի քանի դիտարկում անել:


Քանի որ Ադրբեջանի, իսկ հետագայում նաև Թուրքիայի հետ ենթակառուցվածքները բացվելու են (իսկ դա, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի), ապա արժե, որ մեր գիտական ​​և փորձագիտական ​​հանրությունը ոչ թե անտարբերությամբ հետ քաշվի, այլ կատարի իր մասնագիտական ​​պարտքը՝ ուսումնասիրի և գնահատի, թե դա ինչ կարող է տալ Հայաստանին: Այնուհետ բացատրի այդ առավելությունները Հայաստանի հասարակական-քաղաքական հանրությանը և շարքային քաղաքացիներին, ովքեր մեր երկրի պարտությունից հետո գտնվում են բարոյահոգեբանական ծանր վիճակում: Կարծում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը չմշակի ադապտացիոն լուրջ մեխանիզմներ վարչարարության, տնտեսության և անվտանգության ոլորտում, ապա տեսանելի ապագայում այն ​​կարող է դառնալ թուրք-ադրբեջանական տանդեմի թույլ և անհասկանալի կցորդ:


- Ամեն օր այս տանդեմի ազդեցությունը մեծանում է: Ի՞նչ կարող է Հայաստանը, հատկապես վերջին ողբերգական իրադարձություններից հետո, հակադրել այս միությանը:


- Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական միության աճող ազդեցությանը, նրանց հայատյաց դիրքորոշմանը, որը ոչ միայն չի վերացել, այլև, հակառակը, այժմ ձեռք է բերում նոր առանձնահատկություններ, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարին (որին ձգտում են Հայաստանի որոշ շրջանակներ) կարող է հակադրվել միայն մեկ բան. Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդում և խորացում: Հուսով եմ, որ մենք դեռ մանրամասն վերլուծության կենթարկենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատճառներն ու կորոշենք յուրաքանչյուրի համար պատասխանատվության ու մեղքի չափը: Բայց հիմա մենք պետք է ինքնակազմակերպվենք, փորձենք հաղթահարել ծանր քաղաքական ճգնաժամը, կանխենք պետականության քայքայումը և տնտեսության փլուզումը՝  քաջ գիտակցելով, որ այս ամենը պատերազմի հետևանք է:


Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա դերը մեր երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում օբյեկտիվորեն մեծանում է: Եվ պետք չէ խորամանկորեն իմաստակել ՝ պնդելով, որ այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում, բխում է Ռուսաստանի շահերից, բայց ոչ Հայաստանի և հատկապես Արցախի շահերից: Եթե ավելի լուրջ, ապա մեր երկիրն այսօր բախվում է իրական սպառնալիքների և մարտահրավերների, որոնք կարող են խարխլել պետականության հիմքը: Առանց առկա իրողությունները պրագմատիկ գնահատելու, ՌԴ հետ դաշինքի նորացման և զարգացման, եվրասիական տարածքում լիարժեք և խորը ինտեգրման, առանց մեր ռազմավարական դաշնակցի հետ արտաքին քաղաքականության օրակարգերի հմուտ սինքրոնացման, ինչպես նաև առանց ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության աճի մեր երկիրը կարող է բախվել ինքնիշխանությանը սպառնացող իրական խնդրի: 


Լիա Խոջոյան