28.11.2024
Պալյանն՝ իր վրա հարձակման մասին. պլանավորված լինչի նախաձեռնություն
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը՝ Մամեդյարովին. երկար լեցիա էր, բայց ոչ մի պատասխան

Պրահայում Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քննարկման առարկա դարձավ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Վերջին շրջանում ադրբեջանական գործողությունների կապակցությամբ Վիշեգրադյան քառյակի համապատասխան գնահատականների վերաբերյալ լրագրողի հարցին հարկ համարեց պատասխանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյանովը, ով բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ադրբեջանական տեսակետը` հայտարարեց, թե 1990-ականներին հայկական զորքերը, իր ձևակերպմամբ` «Ադրբեջանի գրավյալ տարածք են մտցվել», և հայկական կողմին վերագրեց, ինչպես ինքը նշեց՝ «էթնիկ զտումների» գործողությունները և «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի» գրավման վերաբերյալ բազմիցս ներկայացրած մեղադրանքները, և անգամ նշեց, թե «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը երջանիկ էր ադրբեջանական համայնքի հետ խորհրդային ժամանակներում»: Ապա Մամեդյարովն անդրադարձավ բանակցային գործընթացի փուլերին, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ստատուս քվոյին, հայտնում է Ազատությունը:

Ասուիլին լրագրողի՝ ապրիլայն պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի զինվորկանների հանձագործությունների վերաբերյալ հստակ գնահատական տալու հարցին Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ մոտ 8 րոպե տևած բացատրությանն արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Շատ երկար լեկցիա, բայց ոչ մի պատասխան՝ շատ ուղիղ, պարզ հարցին», - հեգնեց Հայաստանի արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանը վկայակոչեց դեպքերը, երբ Ադրբեջանում մարդասպաններին շնորհում են ազգային հերոսի կոչում:

«Դա տեղի ունեցավ Սաֆարովի դեպքում, և հիմա, դուք գիտեք՝ բոլոր դաժանությունները, Լեռնային Ղարաբաղի դեմ շատ լայնածավալ, շատ լավ պատրաստված ռազմական ագրեսիվ գործողությունների և այդ գործողությունների ընթացքում «Իսլամական պետության» ոճով, դաժանությունների ոճով, միգուցե ոչ «Իսլամական պետության», այլ՝ Բաքվի ոճով, որովհետև մինչ այդ Սաֆարովի գործն էր, երեք գերեվարված հայ զինվորներ գլխատվել էին և նրանց գլուխները ցույց էին տվել Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում, և մարդասպաններից մեկին Ադրբեջանի նախագահը հռչակեց ազգային հերոս»,- հիշեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

«Ես չեմ գնա պատմության խորքերը, բայց շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով»,- բնորոշեց Նալբանդյանը:

"Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչու՞ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին", - ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց 1994 թվականը, հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրեցին Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, հետո Մինսկի խմբի համանախագահող երկրների հնչեցրած հայտարարությունները, ապա հիշեցրեց, որ հրադադարի համաձայնագիրը չունի ժամանակային որևէ սահմանափակում և այն պետք է կատարվի:

Նալբանդյանն ասաց՝ պետք է երաշխավորվի, որ չի կրկնվի ապրիլի սկզբին տեղի ունեցածը, և պետք է ստեղծվի հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: Նալբանդյանը հիշեցրեց, որ այդ առաջարկն ընդունում են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, և մերժում՝ Ադրբեջանը: Էդվարդ Նալբանդյանն ավելացրեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երեք համանախագահների հետ: