28.11.2024
Բաքուն այս գիշեր կհարձակվի, եթե Մոսկվան չմիջամտի. փորձագետ
prev Նախորդ նորություն

Նախագահն ասել է՝ ինչ է ակնկալում Հանրային խորհրդից հնարավոր պատերազմից առաջ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նախագահական նստավայրի մամլո ծառայությունից հայտնում են, որ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները:

Սարգսյանին ուղղված հարցերը վերաբերել են ինչպես ս.թ. ապրիլի սկզբին Ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, այդ օրերին հայկական բանակի գործողություններին, Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբվածությանը, այնպես էլ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը բանակցային գործընթացի հեռանկարին, համահայկական ներուժի համախմբմանը:

«Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում:

Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում: Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ:

Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»,- մասնավորապես` Հանրային խորհրդում ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների տվյալների, ադրբեջանական զինուժը զինտեխնիկայի ու սպառազինության կուտակումներ ու տեղաշարժեր է իրականացնում շփման գծում: Ներկայիս կուտակումներն ու տեղաշարժերը ամենախոշորն են քառօրյա պատերազմից հետո: Այդ ամենը, ըստ ռազմական փորձագետների ու պաշտոնական շրջանակների, հիմք է տալիս ենթադրելու, որ Բաքուն նոր սադրանքների կամ նոր արկածախնդրության է նախապատրաստվում Արցախի դեմ: