24.11.2024
Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն հայտարարել է իշխանության յուրացման փորձի բացահայտման մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքներին, ինչպես նաև հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր: Այդ մասին ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:


«Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ.Ա.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, գրանցված լինելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և ունենալով հետևորդների զգալի քանակ, նպատակ ունենալով անվստահություն սերմանելու միջոցով իշխանության յուրացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների, ՀՀ կառավարության անդամների և վերջինիս կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով պարբերաբար հրապարակել և տարածել է վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ՝ այդ կերպ փորձելով հեղինակազրկել գործող իշխանություններին, արատավորել վերջիններիս և հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողություների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հ.Ծ.-ն, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ տեղի ունենալու մասին, գիտակցելով, որ իշխանությունը յուրացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձեռնամուխ է եղել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների անմիջական կատարմանը և այդ նպատակով նախ մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում կատարվող՝ գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որպիսի գործողությունների հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հատկացված «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, փոխլրացնելով միմյանց գործողությունները, շրջափակել են այն, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ճոճել, թափահարել է ավտոմեքենան՝ փորձելով այն շրջել, բարձրացել է ավտոմեքենայի վրա, բռնություն գործադրելու նպատակով բացել է ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը, որի ընթացքում զանգվածային անկարգության մասնակիցները վնասել են Արարատ Միրզոյանի ծառայողական ավտոմեքենան՝ կոտրելով նաև ավտոմեքենայի ապակիները՝ այդ կերպ հարկադրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և վերջինիս անվտանգությունն ապահովող ծառայողներին դուրս գալ ավտոմեքենայից, որից հետո Հ. Ծ.-ն մի խումբ այլ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ ազգային ժողովի նախագահի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի և մարմնի տարբեր շրջաններին, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այնուհետև, Հ. Ծ.-ն, շարունակելով իր գործողությունները, մտադրված լինելով ավարտին հասցնել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով, այն է՝ առանց ընտրություններ անցկացնելու, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ կառավարություն ձևավորելու և նման ապօրինի եղանակներով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունները, անտեսելով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովրդին պատկանելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նորմը, իշխանությունը ձևավորելու ժողովրդի ազատ կամահայտնության իրավունքը, քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրելու նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում փնտրել են ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործող, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող պաշտոնատար անձ հանդիսացող մարզպետներին և այդ կերպ վերջնականապես վերացնել իշխանության յուրացման համար առկա բոլոր հնարավոր խոչընդոտները, ինչի մասին տեղեկացրել է կազմակերպիչներից նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ին՝ հորդորելով վերջինիս ձեռնամուխ լինել նախապես մշակված ծրագրի համաձայն իրագործել իշխանության յուրացումը, սակայն Հ.Ծ.-ն և խմբի մյուս անդամներն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել հանցագործությունը, քանի որ նրանց ապօրինի գործողությունները չեն ստացել հանրային աջակցություն, իսկ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողները կանխել և խափանել են ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելը՝ դեպքից կարճ ժամանակ առաջ ՀՀ վարչապետին տեղափոխելով անվտանգ վայր, ինչի կապակցությամբ հետագայում Հ. Ծ.-ն իր համակիրների հետ հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»:


Բացի այդ, Հ.Ծ.-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամանետում քննվող քրեական գործի շրջանականներում ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 2020 թվականի նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարցի քննարկման ժամանակ իր համար բարենպաստ դատական ակտ կայացնելու և անազատության մեջ չհայտնվելու համար, իր ծանոթի օժանդակությամբ, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով, միջամտել է գործի քննությանը:


Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Հ. Ծ-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին և կրկին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նախորդ միջնորդությունը մերժվել էր:


Միաժամանակ, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ն, ով ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, խմբի մյուս անդամների հետագա հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:


Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ 100-ից ավելի խուզարկությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող տարբեր կուսակցությունների ղեկավար կազմում ընդգրկված անձանց կողմից հետագա հավաքների ժամանակ բռնություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնության միջոցով ներքին անկայունություն հրահրելու մտադրություններ ունենալու մասին փաստական տվյալներ:


Հարգելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը կրկին տեղեկացնում է, որ երկրում ստեղծվել են զանգվածային անկարգությունների իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և, ըստ այդմ, վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ Ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:


Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում գործել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության դաշտում և ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի աջակցությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության, և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են», - ասված է հայտարարության մեջ: