24.11.2024
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Հանդիպում Դուբայում եղել է, Փաշինյանին փոխանցվել է տարաբնույթ տեղեկություններ. Վանեցյան

«Հրապարակ»-ը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ խոսել է Նիկոլ Փաշինյանի եւ 5 մլրդ դոլարով Արցախը ծախելու խոսակցությունների մասին:


- Պարոն Վանեցյան, վերջին օրերին շատ է խոսվում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի եւ 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին, ի՞նչ կարող եք ասել այս թեմայի շուրջ:


- Ընդամենը հուշեմ, Ձեր հարցի, ինչպես նաեւ ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ եւս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է եւ պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար:


- Այնուամենայնիվ, Ձեր եւ Ադրբեջանի ներկայացուցչի միջեւ Դուբայ քաղաքում, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը:


Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հաստատվել է օպերատիվ կապ, եւ այո՝ մինչեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ եւ եւս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել եւ փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:


Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձեւաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը: