Ի՞նչ հիմունքով են տուրիստականներն իրենց ավտոբուսները տրամադրում ոստիկանությանը. Մանրիկյան
Երևանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում կատարել.
"Ի՞նչ հիմունքներով են տուրիստական ընկերությունները իրենց ավտոբուսները տրամադրում ոստիկանությանը: Այսինքն, հարգելի տուրիստական ընկերության սեփականատերեր, դուք այս քայլով իսկ պաշպանում եք հողատու իշխանությանը։ Կոչ եմ անում ձեզ զերծ մնալ նման քայլերից",- գրել է նա:
VERELQ-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամն ասաց, որ հատ առ հատ նկարելու են այն բոլոր տուրիստական ընկերությունների ավտոբուսները, որոնցով ոստիկանները տեղափոխվում են փաստացի խաղաղ ակցիաների մասնակիցների դեմ գործողություններ ձեռնարկելու համար.
"Այդ բոլոր լուսանկարները մենք հրապարակելու ենք ու պարզաբանում ենք պահանջելու նման աջակցության հիմքերի մասով: Նաև կոչ եմ անում քաղաքացիներին ևս լուսանկարել այդ ավտոբուսները, հրապարակել դրանք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե որ տուրիստական գործակալություններն են այդպիսի ծառայություն մատուցում ընդդեմ ժողովրդի",- նշեց Միքայել Մանրիկյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ժամը 12:00-ից սկսած Երևանի փողոցները կաթվածահար են՝ ընդդիմությունը մեկնարկել է անհնազանդության ակցիաները, որոնցով ներկայացնում է իր պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: