«Մարզպետի խունտայից են». Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա Արարատի մարզում
Արարատի մարզպետարանի դիմաց այսօր՝ դեկտմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին մի խումբ քաղաքացիներ։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ վեճի բռնվող քաղաքացիները «մարզպետի խունտայից են»: Խոչընդոտողների մեջ նրանք նկատեցին նաև Արարատի մարզպետի օգնականին և ասացին, որ նրանք սադրիչներ են։
Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։
Երկիր լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։
Գերասիմ Վարդանյանը, մինչև ակցիային միանալը, ֆեյսբուքում գրառում էր կատարել․ «Նիկոլին տրված ժամանակը սպառվեց, ես դուրս եմ գալիս փողոց՝ հանուն արժանապատվության, հանուն իմ ու իմ ընկերների երեխաների ապագայի, հանուն վաղվա հաղթանակի՝ դավաճանին հեռացնելու։ Պայքար հանուն հայրենիքի և արժանապատվության։ Նիկոլը այլևս վարչապետ չէ...»։
VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: