Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել. սկանդալային ձայնագրության հետքերով
Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:
"Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ",- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Bagramyan26 Տելեգրամ ալիքում նախօրեին հայտնվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զրույցի ձայնագրությունը։
Լուկաշենկոն առաջարկում է Սարգսյանին՝ տուր նրան Ղարաբաղի 7 շրջանները, և նա (Ալիևը) կվճարի, նա ձեզ առաջին փուլում 5 միլիարդ էր առաջարկել։
Սերժ Սարգսյանն արձագանքում է. "Ես նրան կտամ 6 միլիարդ, թող հրաժարվի 7 շրջաններից"։