Գյումրիում 100 մլն դոլար արժողությամբ «Ռենեսանս» անվանումով բնակելի թաղամաս է կառուցվելու
Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստն որոշում կայացվեց հաստատել Գյումրիում «Ռենեսանս» անվանումով բնակելի թաղամաս կառուցելու նախագիծը:
Թաղամասի կառուցման ներդրողները շվեյցարահայ գործարար Վարդան Սըրմաքեշը և նրա հայաստանցի գործընկեր, Շիրակ ՖԱ-ի սեփականատեր Արման Սահակյանն են: Այս նպատակով Գյումրիի Կարսի խճուղու հատվածում պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ավելի քան 21 հեկտար տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Ռենեսանս փրոջեքթ» ՍՊԸ-ին։
Որոշման հիմնավորումներում նշված է. «Գյումրի քաղաքում մոտ 100 բազմաբնակարան շենք գտնվում է անբավարար տեխնիկական վիճակում,բ ացի այդ, առկա է նաև ձևավորված պետական պարտավորություն՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, փախստականների, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների անօթևան ընտանիքների նկատմամբ: Մյուս կողմից, Գյումրիում գոյություն չունի բնակարանային առաջնային շուկա, որը հնարավորություն կընձեռի միջին և բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին ձեռք բերել բնակարաններ՝ օգտվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված՝ եկամտահարկի վերադարձման հնարավորությունից: Թվարկված փաստերի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրել, որ Գյումրիում առկա է թե անօթևանության, թե բնակարանային պայմանների բարելավման կարիքի բարձր մակարդակ»։
Բնակելի թաղամասի կառուցումը կտևի 5 տարի, ծրագրի արժեքը կկազմի 100 միլիոն դոլար։ Համապատասխան որոշման հիմնավորոմներում նշված է նաև, որ հաշվի առնելով տարածքում առկա պատմամշակութային արժեքները, բնակելի շենքերը լինելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ, տարածքում կհիմնվեն նաև դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակներ։