Կառավարությունը դրամական փոխհատուցում կտրամադրի պատերազմից տուժած քաղաքացիական անձանց
Կառավարության դեկտեմբերի 3-ին նիստում որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել սեպտեմբերի 27-ից Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
Աշխաանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նեկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
«Սույն միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը կարող են ստանալ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները», - ասաց նա՝ հավելելով, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
1) առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,
2) երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,
3) երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,
4) հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,
5) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Նրա խոսքով, սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ «Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով», - ասել է նախարարը: