Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը
Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաև կարևորել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:
Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց:
Կողմերը անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին: