Ռուս խաղաղապահներն ուսումնական գործընթաց են ապահովել Ղարաբաղի ևս մեկ դպրոցում
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում։ Զանգը հնչել է Ստեփանակերտի ևս մեկ դպրոցում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախօրեին ռուս զինծառայողները լիովին ավարտել են ականազերծումը Ստեփանակերտի թիվ 8 հանրակրթական դպրոցի շրջանում, օգնություն ցուցաբերել ուսումնական հաստատությունում վերանորոգման աշխատանքների իրականացմանը և ապահովել անվտանգությունն անհրաժեշտ ուսումնական գույքով ու սարքավորումներով:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում դպրոցականներ եւ ուսուցիչներ, որոնք ուսումնական ծրագիրը հարմարեցնում են այնպես, որ աշակերտները կարողանան լրացնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների պատճառով բաց թողնված դասերը:
Ռուս զինծառայողների ջանքերի շնորհիվ այլ բնակավայրերում նույնպես աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են ռուսական ինժեներական ստորաբաժանումների կողմից տարածքի եւ օբյեկտների ականազերծումից հետո:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռազմական ինժեներների կողմից ականազերծվել է ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն եւ սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 1077 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: