24.11.2024
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարը
prev Նախորդ նորություն

Մամուլ. հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը

Արցախի Թալիշի շրջանում կրկին իրադրությունը լարվել է: Ադևբեջանական զինուժը հրետակոծության են ենթարկել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հայկական կողմը ռազմական գործողությունների արդյունքում հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը: Այս մասին հայտնում է armlur.am-ը կայքը՝ հղում կատարելով ԼՂՀ ՊԲ-ում իր աղբյուրներին: Տեղեկատվությունը պաշտոնապես չի հերքվել ու չի էլ հաստատվել:

Այնուամենայնիվ իրավիճակը շփման գծում մնում է լարված: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: "Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է", - ասված է հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ-ը, հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած "ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը": "Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության և արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:

Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը", - ասված է հաղորդագրության մեջ: