24.11.2024
Մամուլ. հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը
prev Նախորդ նորություն

"Եթե պատերազմը վերսկսվի, մենք առաջ կշարժվենք". The Washington Post-ի անդրադարձը Ղարաբաղում իրավիճակին

Լեռնային Ղարաբաղի ռազմական հրամանատարը երկուշաբթի օրը հարցազրույցներից մեկում կանխագուշակել էր, որ փխրուն հրադադարը կարող է փլուզվել մի քանի օրից։ Այդ գիշեր Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Ղարաբաղի հյուսիսային հատվածում երկու հայ զինվոր սպանվեց, գրում է The Washington Post-ը։

Ինչպես գրում է հոդվածի հեղինակ Դավիդ Իգնատիուսը, «սառեցված հակամարտությունը», որը փակուղային վիճակում էր գտնվում 22 տարի, պայթեց ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի ուժերը հարձակում սկսեցին 200 կիլոմետր երկարությամբ առաջնագծի երկայնքով։ Ռուսաստանի միջնորդությամբ արագորեն ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց, բայց, ինչպես ցույց տվեցին երկուշաբթի օրվա գործողությունները, նոր բռնկումը շատ մոտ է թվում։

Ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկված և ամենադժվարլուծելի խնդիրներից է, գրում է թերթը: Ժամանակի ընթացքում զայրույթը, հանդարտվելու փոխարեն, երկու կողմից է՛լ ավելի է սրվել: Մոսկվան հայտարարում է, որ ցանկանում է միջնորդել երկարատև խաղաղ կարգավորում, բայց, միևնույն ժամանակ, զինում է երկու կողմերին։ Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել ավելի լայն բախումը, բայց քիչ դիվանագիտական լծակներ ունի։

Հեղինակը նշում է, որ այցելել է Ղարաբաղ մի քանի այլ օտարերկրացի լրագրողների և Եվրոպական խորհրդարանի անդամի հետ։ Ինչպես նշում է նա՝ Ղարաբաղը կարծես Կովկասի Շվեյցարիան լինի՝ ոչ միայն լեռներով, այլև կոկիկ փողոցներով, սարի լանջերին գյուղացիական տնտեսություններով և անկախ մարդկանցով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր զորքերը չէին սպասում լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին, բայց նշել է, որ եղել են դրա նշանները. օգոստոսից ի վեր 21 հայ զինվոր է սպանվել և 113 զինվոր վիրավորվել։ Բացի այդ, Ադրբեջանը համալրում էր իր զինանոցը նոր ռուսական տանկերով, իսրայելական անօդաչուներով ու թուրքական հրթիռներով: Հայկական կողմը, հանգիստ լինելով Ռուսաստանի հետ ենթադրվող «ռազմական դաշնակցությամբ», չէր ակնկալում Ադրբեջանի կողմից խոշոր հարձակում։

Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում պնդել է նաև, որ հայկական զորքերը կարող են պաշտպանել տարածքն առանց Ռուսաստանի օգնության։ «Քառօրյա պատերազմի արդյունքը ցույց է տալիս, որ մեր ունեցած տեխնիկան և մեր մարտական պատրաստությունը թույլ է տալիս ցանկացած հակառակորդի կանգնեցնել։ Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն նրանց ետ կմղենք, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է նա:

«Օդանավակայան տանող ճանապարհին կարելի է տեսնել ազգային հուշարձանը՝ հողի մեջ ասես թաղված մարմիններով ծեր կնոջ և տղամարդու գլուխներով հսկայական քարե արձանը: Պաշտոնական անվանումն է՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ենթադրվող ուղերձը՝ տեղներիցս չենք շարժվելու։ Առջևում երկար, անզիջում հակամարտություն է թվում», - եզրափակում է հեղինակը։