Ոստիկանություն & ցուցարարներ. Բերման են ենթարկվել Արա Սաղաթելյանը և Տիգրան Աբրահամյանը
Այսօր ևս Երևանի մի շարք փողոցներ փակվում են ցուցարարների կողմից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ոստիկանությունը արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել, որոնց թվում են նաև հանրությանը հանյտնի դեմքեր: Այդպես, քիչ առաջ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից բերման են ենթարկվել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:Բերման է ենթարկվել նաև վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Վերջինս, մինչ դիմակավորված ոստիկանները նրան ուղեկցում էին ավտոմեքենայի մոտ, հայտարարեց, որ քաղաքացիները չպետք է լռեն ու պետք է բարձրաձայնեն իրենց բողոքը կատարվածի հանդեպ.
«Դեռ գալու են նոր դժվարություններ, դրանց թվում Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը բերելու են նրան, որ այս ժողովուրդն ապրելու է թշվառ ու աղքատ: Պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ստեղծվի ժամանկավոր կառավարություն և ստեղծվի մի իրավիճակ, երբ մասնագետները կարողանան շտկել ինչ-որ դեռ հնարավոր է շտկել»,- հայտարարեց նա:
Տիգրան Աբրահամյանն էլ գրառում է կատարել Facebook-ում.
"Ընկերներիս բերման էին ենթարկում՝ ոստիկաններին հորդորեցի զերծ մնան կոշտ միջոցներից՝ ինձ բերման ենթարկեցին։
Սրանք չեն հասկանում, որ հայրենազրկվել ենք, նաև իրենք։
Ես որ կորցնելու բան չունեմ, արդեն իմ պահած հողը կորցրել եմ, նաև շատ ընկերներ։
Չեք մարսելու"։
Այս րոպեներին էլ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին: