ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Ինչպես հայտնում է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը, տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր ևս շարունակել են փակել Երևանի փողոցները, ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ցուցարարների: Նրանց թվում են նաև հանրությանը հայտնի անձինք՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, վերլուծաբաններ Արմեն Մինասյանը և Հրանտ Մելիք-Շահնազարյանը և այլք: