24.11.2024
Ստեփանակերտում վերականգնվել է ջրամատակարարումն ու էլեկտրականության մատակարարումը. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Մակրոնը կարևորել են Ղարաբաղում քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությունը՝ հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը», - ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։


«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաեւ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին: Նշվում է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է», - ասված է հաղորդագրության մեջ:


«Պատրաստակամություն հայտնելով համակարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ–ի գծով աշխատանքը՝ ղեկավարները կարեւորել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծումը, ներառյալ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական տաճարների եւ վանքերի պահպանումը», - ասված է նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ այդ կապակցությամբ Պուտինը հայտնել է մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ստեղծման մասին:


Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում: Այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: