Քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային համաճարակային իրավիճակին վերաբերող հարցեր
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության կայքից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակին վերաբերող հարցերը, տարբեր առաջարկներ են արվել վարակի շարունակաբար գրանցվող ցուցանիշների կտրուկ աճը կանխարգելող, ինչպես նաև կոնտակտավորների հայտնաբերման միջոցառումների վերաբերյալ:
Տեսազրույցի ընթացքում համաճարակաբաններն անդրադարձել են ներկայիս իրավիճակին` COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված բարդ իրադրության պայմաններում առողջապահական ռեսուրսները ճիշտ բաշխելուն, բուժօգնություն կազմակերպելուն և տրամադրելուն:
Մասնագետները կոչ են արել կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական խնդիրները լուծելու համար պահել դիմակներ կրելու պարտադիր պայմանը, որը, ինչպես ամիսների փորձն է ցույց տվել, կանխում է վարակի տարածումը, նաև այս գերլարված պայմաններում հետևողական լինել մարդկանց սոցիալական հեռավորության և ձեռքերի մշտական հիգիենային հետևելու կանոնների պահպանմանը: