Կառավարությունում չեն բացառում 2021 թվականի պետական բյուջեի վերանայման հնարավորությունը նույնիսկ դրա կատարման փուլում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում կայացած նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ ներկայում ստիպված են աշխատել անորոշության բարձր աստիճանի պայմաններում, ինչպես կորոնավիրուսի համաճարակի, այնպես էլ ռազմական գործողությունների տեսանկյունից: «Այն, ինչ մենք կանխատեսում ենք և նախատեսում ենք այսօր, վաղը կարող է ակտուալ չլինել։ Այսպիսին են մեր իրողությունները», - հայտարարեց Ջանջուղազյանը։
Նա նշել է, որ սեպտեմբերի կեսերին պետբյուջեի նախագծի վրա աշխատանքի ավարտի պահին կատարված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները տարբերվում էին այն կանխատեսումներից, որոնք այսօր կան։ Սակայն կա մի պահ, երբ պետք է կանգ առնել և ընդհանրացնել ընդհանուր ծրագրում առկա տվյալները՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրա իրականացման ընթացքում։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նախարարը չի բացառել, որ մինչև 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը լիագումար նիստում նախագծում որոշակի փոփոխություններ կմտցվեն։ Ավելին՝ Ջանջուղազյանն արդեն այսօր չի բացառում նաև պետբյուջեի վերանայման հավանականությունն ու դրա իրականացման հաջորդ տարվա փուլում։
Նախարարը նշել է, որ չնայած վերը նշվածին, կառավարությունն ամեն ինչ անելու է բյուջեում ամրագրված ծախսերի մակարդակը պահպանելու համար: «Դա (ծախսերի մակարդակի պահպանումը - խմբ.) տնտեսական աճի վերականգնման ուղիներից մեկն է։ Մենք չպետք է քայլեր ձեռնարկենք, որոնք կարող են սրել իրավիճակը», - հայտարարել է նա։
Իր հերթին իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը նշել է, որ քանի որ պետբյուջեի նախագծի վրա աշխատանքն ավարտվել է մինչեւ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի սկսվելը, ակնհայտ է, որ փաստաթուղթը հաշվի չի առնում ռազմական գործողությունների հետ կապված ռիսկերը:
«Ինչն է մեզ խանգարում օգտագործել այդ ժամանակահատվածը բյուջեն «ռազմական ռելսերի» վրա դնելու համար, առնվազն հաշվի առնելով այն իրողությունները, որոնք մենք այսօր ունենք»- հետաքրքրվեց Մանուկյանը՝ հավելելով, որ ճշգրտումներ միշտ էլ կարելի է անել։
Ի պատասխան նախարարը նշեց, որ անորոշությունը, որի մասին խոսք է գնացել, վերաբերում է ոչ միայն պանդեմիային, այլեւ անմիջականորեն ռազմական գործողություններին։ Բացի այդ, կարեւոր է հասկանալ, թե որ մոդելն կիրառվելու՝ բյուջեն դնելով «ռազմական ռելսերի վրա»։
Դա կարող է արվել ինչպես պաշտպանության ոլորտի ծախսերը մեծացնելու, այնպես էլ տնտեսական զարգացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու միջոցով՝ պաշտպանական ոլորտին հետագա ներարկումներն ապահովելու համար։ Ատոմ Ջանջուղազյանը հավելել է, որ պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերի ավելացումը, հնարավոր է, բարենպաստ անդրադառնա միայն կարճաժամկետ հեռանկարում, իսկ հետագայում խիստ բացասաբար կանդրադառնա երկրի հնարավորությունների վրա:
Նախարարն ընդգծել է, որ «բյուջեն դնել ռազմական ռելսերի վրա» ձևակերպումը չպետք է ենթադրի միայն ֆինանսավորման ծավալների փոփոխություն, դա պետք է լինի առաջին հերթին մոտեցումների փոփոխություն, ֆինանսաբյուջետային քաղաքականության փոփոխություն, քանի որ բյուջետային ծախսերի որոշակի մասը բաշխվում է գործող օրենքներին համապատասխան և առաջնահերթությունների փոփոխության համար անհրաժեշտ է առաջին հերթին ուղղումներ կատարել օրենսդրությունում:
«Ցանկացած խնդիր կարելի է լուծել՝ ունենալով ելակետային տվյալներ, բայց խնդիրն այն է, որ մենք ելակետային տվյալներ չունենք», - հայտարարեց Ջանջուղազյանը։ Այսօր դժվար է հասկանալ, թե որքան երկար կտևի համաճարակը, ինչ ինտենսիվությամբ են անցնելու ռազմական գործողությունները հաջորդ տարի, որքան ժամանակ նրանք կտևեն: Նման քայլերի գնալ բարձր անորոշության պայմաններում կառավարությունը չի կարող, հայտարարել է նախարարը։
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը կառավարությանը կոչ է արել այդ ժամանակահատվածն օգտագործել նոր բյուջեի մշակման համար: Նա նշել է, որ քաղաքականությունը և առաջնահերթությունները պետք է փոխվեն և համապատասխանեցվեն նոր իրողություններին։