Անկարան չի փոխի իր պահվածքն ու Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներն անխուսափելի են. Աթենք
Եվրամիությունը վաղ թե ուշ կբախվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության հետ, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի Միջերկրածովյան տարածաշրջանում իր վարքագծից։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսագրման ընթացքում, փոխանցում է EADaily-ն։
«Ես հասկանում եմ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ որոշ եվրոպական գործընկերների անհանգստությունն ու Անկարայի արձագանքը։ Վաղ թե ուշ Եվրոպան կբախվի պատժամիջոցների սահմանման անխուսափելիության հետ, քանի որ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքագծից։ Հետաքրքիր է, թե որտեղ է դրա սահմանը», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ պետք է ոչ միայն հաշվի առնել Անկարայի «բաց սպառնալիքները» Աթենքի և Նիկոսիայի հասցեին, այլև Փարիզի և Միջերկրածովյան այլ խաղացողների վերաբերյալ նրա պահվածքը:
«Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ։ Այո, ես պետք է հաշվի առնեմ ԵՄ-ի ներսում համաձայնեցման գործընթացը, բայց եթե Թուրքիայի նման պահվածքը շարունակվի, վախենում եմ, կոնկրետ պատժամիջոցների կիրառմանը այլընտրանք չի լինի», - հայտարարել է Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Ընդ որում, նախարարը կարծիք է հայտնել, որ թուրքական տնտեսությունը գտնվում է փխրուն վիճակում, և պատժամիջոցները նրան հետագա վնաս կհասցնեն: