Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի ասել, որ Թուրքիան Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, դա շատ սերտ գործընկեր է։
«Մենք երբեք Թուրքիային չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից, Դա գործընկեր է, որի հետ սերտ կապեր կան», - ասել է նա «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում:
«Շատ ուղղություններով այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի, և, իրոք, մենք աշխատում ենք Սիրիայում, մենք փորձում ենք օգնել կարգավորել նաև լիբիական ճգնաժամը։ Թուրքիան նույնպես ձգտում է իր շահերն այս տարածաշրջանում առաջ տանել», - հավելել է նախարարը։
Նրա խոսքով՝ «գլխավորն այն է, որ դա միանգամայն օրինական է, եթե շահերը լեգիտիմ են, լինի դա Թուրքիան, լինի Իրանը, ԱՄԷ-ն, Կատարը... Շատ երկրներ այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը, որոնք նախագծվում են պետական սահմաններից դուրս։ Կարևոր է, որ այդ նախագծումը թափանցիկ լինի»։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ղարաբաղի հարցով Թուրքիայի գործողությունները պետք է թափանցիկ լինեն, ինչպես դա եղել է Սիրիայում: «Եվ այն, ինչ վերաբերում է Սիրիային, ես կարծում եմ, որ նման թափանցիկությունն ու լեգիտիմությունն ապահովվել է ։ Չնայած այն բանին, որ թուրք զինծառայողները Սիրիայի տարածքում ներկա են առանց օրինական կառավարության հրավերի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ նրա կառավարությունը ընդունել եւ աջակցել են "Աստանայի" ձեւաչափի ստեղծմանը», - ասել է Լավրովը:
«Նրանք համագործակցում են բոլոր այն նախաձեռնությունների կատարման հարցում, որոնք առաջ են քաշում Աստանայի երաշխավորների եռյակը (ՌԴ, Թուրքիա, Իրան - խմբ.), և այդ առումով, իհարկե, Թուրքիայի, Ռուսաստանի, և Իրանի գործընկերությունը շատ կարևոր դեր ունի։ Հենց այն է թույլ տվել կրճատել այն տարածքները, որտեղ իշխում էին ահաբեկիչները, ըստ էության, մինչև Իդլիբի դեէսկալացիայի գոտին», - նշել է նա։