Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրով
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն այս առումով մնում են բանակցությունների սեղանին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ եւ մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ», - ասել է Լավրովը:
Նա հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:
Ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ, նշել է Լավրովը: Նա հավելել է, որ Ռուսաստանը Թուրքիային համարում է սերտ գործընկեր, այլ ոչ թե ռազմավարական դաշնակից։ «Մենք երբեք Թուրքիային չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից։ Նա շատ սերտ գործընկեր է, շատ ուղղություններով այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի», - ասել է ԱԳ նախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։