Հայաստանն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը
Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։
Գործողությունները, որոնք Բաքվում անվանում են "հակահարձակման", ընթանում են ռազմաճակատի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում: Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր մոբիլիզացիա։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն և մասնակի զորահավաք: