Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների խոսնակները հեռախոսով քննարկել են Ղարաբաղում պատերազմը
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը հոկտեմբերի 5-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում խիստ մտահոգիչ է անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիան: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով IRNA պետական լրատվական գործակալությունը։
«Մենք պետք է փորձենք կանգնեցնել (զինված) հակամարտությունը և վերջ դնել երկխոսության ճանապարհով», - ընդգծել է Գալիբաֆը: «Ինչպես և դուք, մենք կարծում ենք, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, երկխոսության և բանակցությունների ճանապարհով»:
Իրանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ «առաջիկա շրջանը հիանալի հնարավորություն է Իրանի և Ռուսաստանի համար զարգացնել իրենց խորհրդարանական հարաբերությունները եւ արագացնել երկու երկրների միջեւ համագործակցությունը»:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 5-ին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության դադարեցման մասին Իսլամական Հանրապետության պատրաստած ծրագրի մասին: Ընդ որում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կրկին նշել են Թեհրանի պատրաստակամությունը՝ գործադրել բոլոր ջանքերը կրակի շուտափույթ դադարեցման եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար:
«Իրանի կողմից պատրաստված հակամարտության դադարեցման ծրագիրը նախատեսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում, ռազմական ուժերի դուրսբերում մարտական գործողությունների գոտիներից և բանակցությունների սկիզբ", - ասել է Խաթիբզադեն:
Իրանի ԱԳՆ-ում միաժամանակ հույս են հայտնել, որ պատերազմն իր հյուսիսային սահմանների մոտ կդադարեցվի և հակամարտության երկու կողմերի խաղաղ բնակիչների իրավունքները կպահպանվեն: «Իրանի սահմաններին զինված հակամարտություններն անթույլատրելի են: Մենք արդեն մեր հարեւաններին կոչ ենք արել նախազգուշական միջոցներ ձեռնարկել այդ հարցում», - նշել է դիվանագետը:
Իրանը միակ պետությունն է, որն անմիջական սահման ունի ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի հետ։