Կանադան կասեցրել է Թուրքիային զինամթերքի մատակարարումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զինամթերքի, մասնավորապես՝ ԱԹՍ-ներում կիրառվող սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է ԱԳ նախարարը, գրում է Արմենպրեսը:
Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:
Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:
Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: