24.11.2024
Արմեն Փամբուխչյանը՝ ԱԻ փոխնախարար
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը լրացրել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել դատարանի կողմից Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշման և քննվող քրեական գործի վերաբերյալ: Այդ մասին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.


«Ելնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունից և հանրության հետաքրքրվածությունից, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:


Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մ.Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ 06.05.2020թ.-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր Մ.Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ: Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը:


Վերը նշված գործընթացներին զուգահեռ շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 03.09.2020թ.-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մ.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը Մ.Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է, բավարարվել է դատարանի 22.09.2020թ.-ի որոշմամբ:


Բացի այդ՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Մ.Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մ.Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:


Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»: