Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
22.09.2020
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Երևանի մանկատներից մեկում երեխաներին պարբերաբար բռնության ենթարկելու դեպքը: ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Դրանից բացի, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: