24.11.2024
ԵԱՏՄ-ում համագործակցության խորացումը լիովին համապատասխանում է ՌԴ և ՀՀ շահերին. Միշուստին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է. Օնիկ Գասպարյան

90-ականներին, երբ կենաց-մահու պայքար էր գնում ծովից ծով Հայաստանից մեզ բաժին հասած այս մի բուռ հայրենիքը պահելու համար, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք ու պետք է ունենանք մեր անկախ պետությունը, համայն աշխարհասփյուռ հայերի Մայր Հայրենիքը։ Այս մասին ասված է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի շնորհավորական ուղերձում՝ Անկախության տոնի առթիվ։


«Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները, մենք ենք դարերի մեր համահավաք ձեռքբերման պահնորդները, և մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների հույսերը։ Եվ սա բեռ չէ, ծանրություն չէ, սա մեր կամքն ավելի աննկուն դարձնող ուժ է, հպարտություն, որի համար ոչինչ չենք խնայի։


Աներկբայելի է՝ մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն, հզոր ու պաշտպանված։ Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։


Շնորհավո՜ր մեր Անկախության տոնը»,- ասվում է ուղերձում։