Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախագահի լիազորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները:
«Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
Պատճառների մասին չի հայտնվում:
VERELQ-ը հիշեցնում է, որ զուգահեռ այս լուրին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարին երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել էր ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ էին ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։
Երեկ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միացավ բողոքին՝ անձնակազմը ազատման դիմումներ ներկայացրեց: