Տավուշի Այգեձոր համայնքի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի, կկառուցվի նոր հարկաբաժին
Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով ազդարարվեց «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի
կառուցման աշխատանքների մեկնարկը։
Առողջության կենտրոնը կսպասարկի Տավուշի սահմանապահ 4 համայնքի բնակիչներին։ Կենտրոնը միաժամանակ կարող է սպասարկել ավելի քան 30 մարդու։
Առողջության կենտրոնի հիմնանորոգումը հնարավորություն կտա սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը բարձրացնել նոր մակարդակի, անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրել անհապաղ բուժօգնություն։
Կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվելու է ներդրումային միջոցներով, թույլ կտա նաև մարզում ստեղծել նոր աշխատատեղեր և զարգացնել համայնքային կյանքը։ «Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել
2021 թ. երկրորդ եռամսյակում։