Օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի չափաքանակը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները սեպտեմբերի 1-ին, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:
ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։
VERELQ-ը հայտնել է, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երեւանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաեւ գրանցվել է մահված 14 դեպք:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երեւանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաեւ Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: