25.11.2024
ՀԾԿՀ-ն կիրականացնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Սինգապուրը մեծ հնարավորություններ ունեն հարաբերությունների զարգացման համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ:


Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:


Սինգապուրի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու համար: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ այն մեծ հնարավորություններ կստեղծի երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:


Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է նախագահական ATOM (Advance TOMorrow) նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելն է: Նրա խոսքով՝ մի շարք պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող տեխնոլոգիական ձեռնարկություններ արդեն իսկ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, և նրանցից մի քանիսի հետ շուտով կկնքվեն նախնական պայմանագրեր:


Անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին միավորելն է. համագործակցության և երկխոսության այս շրջանակում փոքր երկրները կկարողանան փորձ ու գաղափարներ փոխանակել, մշակել ապագայի վերաբերյալ տեսլական և օգնել միմյանց։ Սինգապուրի նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս ակումբի ստեղծման գաղափարի նկատմամբ:


Նախագահ Հալիմա Յակոբը Հայաստանի նախագահին հրավիրել է հարմար ժամանակ այցելել Սինգապուր: