Պետք չէ սպասել օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը. նախարար
Կորոնավիրուսի տարածման հարցում կտրուկ անկումներ դժվար հնարավոր լինի արձանագրել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ներկայացնելով առկա իրավիճակը նա նշեց, որ համեմատելով նախորդ 2-3 շաբաթների հետ, կարելի է արձանագրել, որ ունենք կայունացում և բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև ու ավելի քան կառավարելի։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ պետք չէ ակնկալել, որ թվերը կիջնեն՝ ներկայացնելով այն գործոնները, որոնք հիմնավորում են իր այդ պնդումը.
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, նաև Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը: Կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել», - նշեց առողջապահության նախարարը։
Իսկ որպեսզի նման իրավիճակը պահպանվի, նա հիշեցրեց սահմանված կանոններն ու սահմանափակումները պահպանելու անհրաժեշտությունը: