23.11.2024
Կառավարության նիստից անմիջապես հետո ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ
prev Նախորդ նորություն

Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:


ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթևացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նշվել է, որ նախորդ տարի ընդունված ռազմավարական ծրագրի միջոցառումներին այս ծրագրով ավելացել են 14 նոր միջոցառումներ:


Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի վեբ տարբերակը: Նախատեսվում է արդիականացնել մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու, ինչպես նաև պետական տուրքի վերահսկողության մեխանիզմի գործընթացները, կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման գործընթացը:


Միջոցառումներն ուղղված են լինելու նաև ֆիզիկական անձանց և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առևտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը:


Նշվել է, որ յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվում է իրականացման հստակ ժամանակացույց:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը: