Բանկային համակարգը թուլացնող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է
««Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝ IDBank)» գործը, որով ընկերությունը Բանկից պահանջում է 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք վճարել, վճռաբեկ դատարանում է։
Հիշեցնենք՝ ս․թ․ մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց IDBank-ի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի՝ Բանկից 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու վճիռը։ Նշված տուգանքը սահմանվել էր 2015 թ․-ին Բանկի և «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության միջև կնքված համաձայնագրով, որն էլ, ի դեպ, մեկ այլ գործով սնանկության դատարանի կողմից որակվել է առոչինչ և որպես հետևանք ճանաչվել իրավական ուժ չունեցող, գրում է ՀԺ-ն։
Ներկայում Բանկից 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու գործով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ինչպես «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունը՝ պահանջելով բեկանել վերաքննիչի վճիռը, այնպես էլ IDBank-ը՝ պահանջելով վերանայել վերաքննիչ դատարանի կողմից բերված հիմնավորումները։
«Դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք վերաքննիչ դատարանի վճռից․ այնուամենայնիվ մեր կարծիքով առկա են բոլոր հիմքերը վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչի մատնանշած հիմնավորումները վերանայելու համար։ Այս ամսվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի այս բողոքները, բայց ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով հայտնի է ոչ բարեխիղճ գործելաոճով և տպավորություն է, որ ծրագրված հարձակում է իրականացնում բանկային համակարգի վրա՝ ակնհայտ մեքենայությունների միջոցով գումար կորզելու փորձեր կատարելով։ Հանցագործության մասին հաղորդումով, ի դեպ, Բանկի բաժնետերը դիմել է ԱԱԾ։ Հիշեցնեմ նաև, որ այն համաձայնագիրը, որով Գ․Աֆանդյանը՝ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության իրական շահառուն, փորձում է Բանկից ստանալ 22 մլն դոլար չլսված տուգանքը, առաջին ատյանի դատարանի կողմից առոչինչ է որակվել», - ասել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և հույս հայտնել, որ դատարանն այս անգամ ևս կգործի օրենքի և ողջամտության սահմաններում։
Հիշեցնենք, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության նախկին սեփականատիրոջ՝ Գևորգ Աֆանդյանի եղբորորդին վերջերս նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Բանկում չեն մեկնաբանել այս նշանակումը, սակայն հույս են հայտնել, որ դա որևէ կերպ չի անդրադառնա արդարադատության իրականացման վրա։