ՌԴ գործողությունները Սիրայում ցեմենտեցին ստատուս-քվոն Ղարաբաղում. փորձագետ
Ամերիկայի Միացյալ Նահանգները կցանկանային, անշուշտ, օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վաշինգտոնում գտնվելու փաստը՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար, սակայն արդեն իսկ պարզ է, որ նման հանդիպում տեղի չի ունենա: Խնդիրը Բաքվի դիրքորոշումն է, որը ոչ միայն չի ցանկանում վերականգնել բանակցությունների բնականոն ընթացքը, այլև վերջերս սկսել է սուր քննադատության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ մեղադրելով սադրանքներ կատարելու մեջ: Այս մասին հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը:
Այս օրերին ՀՀ և Ադրբեջանի նախագահները գտնվում են ԱՄՆ-ում՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Թեպետ հայտարարվում էր Վաշինգտոնում նրանց հանդիպման հնարավորության մասին, սակայն նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ: «Հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը չի հայտարարում նախագահների հանդիպման մասին, քանի որ դա հնարավոր չեղավ կազմակերպել: Բաքուն այժմ հրաժարվում է ոչ միայն վերականգնել բանակցային ֆորմատը, այլև Ալիևի մակարդակով սուր քնադատության է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց մեղադրելով սադրանքների մեջ՝ օրինակ բերելով համանախագահների բացասական հայտարարությունները ԵԽԽՎ հայտնի հակահայկական բանաձևերի վերաբերյալ»,- ասաց նա:
Մինսկի խմբից պաշտոնական Բաքվի դժգոհությունները, ըստ Սաֆարյանի, նպատակ են հետապնդում հասնել տվյալ ձևաչափի փոփոխության, քանի որ այդ շրջանակում ստեղծված առաջարկներից ոչ մեկը չի համապատասխանում ադրբեջանական իշխանության տված մաքսիամալիստական խոստումներին: «Ալիևն ուղղակի չի կարող «վաճառել» Մինսկի խմբում արված առաջարկները իր հասարակությանը», - նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի փոփոխության կողմնակից է նաև Թուրքիան:
Համանախագահների աշխատանքային ֆորմատում, ըստ Սաֆարյանի, փորձում է իր ուրույն դերը միշտ ընդգծել նաև Ռուսաստանը: «Այնպես չէ, որ Ռուսաստանը ևս ձգտում է այդ ֆորմատի փլուզմանը, սակայն միշտ եռակողմ հանդիպումներով (ՌԴ-Հայաստան-Ադրբեջան) փորձում է այլընտրանքային օրակարգ և ձևաչափ սահմանել», - ասաց նա՝ թեպետ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է Մինսկի խմբի ֆորմատի պահպանմամբ, քանի որ դա այն եզակի հարթակներից է, որտեղ տեղի է ունենում Ռուսաստանի համագործացությունն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:
Քննարկման մասնակից քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, նշելով վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոփոխությունների բացակայության հանգամանքը, համաձայնեց, որ հակամարտությունում Ռուսաստանը միշտ էլ փորձել է գլխավոր դերակատարում ստանձնել Մինսկի խմբի ձևաչափում: «Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ այս պահին համանախագահների ֆորմատը երևի թե հանդիսանում է այն եզակի ձևաչափերից մեկը, որտեղ փաստացի գոնե որոշ կոնցեպտուալ հարցերի շուրջ մոտեցումների միասնականություն կա: Նրանք փորձում են ցույց տալ, որ կա մի հարթակ, որտեղ Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը միասնական հայտարարություններ են անում, միասնական մոտեցումներ ունեն»,-նկատեց Մինասյանը:
Մինասյանի կարծիքով, արդեն տևական ժամանակ առկա է մի իրավիճակ, երբ կարևոր հանդիպումներից կամ միջազգային իրադարձություններից առաջ տեղի է ունենում լարվածության աճ ղարաբաղյան հակամարտության գոտում: «Բաքվի համար այն ունի իր ռազմական և քաղաքական տրամաբանությունը: Մի կողմից միջադեպերին պետք է արձագանքեն բոլոր կողմերը, իսկ մյուս՝ Ադրբեջանը, ցավոք, իր նախորդ հայտարարություններով, չարդարացված հույսերով, ստեղծել է մի իրավիճակ, երբ չի կարող հետ կանգնել արդեն կատարած քայլերից: Հետևաբար, մերթընդմերթ տեղի է ունենում լարվածության աճ, հրադադարի ռեժիմի խախտումներ, մարդկային զոհեր, ինչը չարյաց փոքրագույնն է, սակայն ոչ մի կերպ հայկական կողմերին համար ձեռնտու չէ», - ասաց նա:
Քննարկման ավարտին բանախոսներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության վրա Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ազդեցության խնդրին: Մինասյանի կարծիքով, 2008 թվականի վրաց-ռուսական հնգորյա պատերազմը և Սիրայի իրադարձություններին Ռուսաստանի ռազմական արձագանքը ավելի ամրացրեցին գործող ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Եթե Սիրիայում իրադարձություներից առաջ կարող էին լինել ենթադրություներ, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է ուժային տարբերակով լուծել, իսկ Ռուսաստանը արևմտյան ճնշումների և պատժամիջոցների ազդեցության տակ դժվար արձագանքի, ապա սիրիական ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ֆորսմաժորի դեպքում Մոսկվան ի զորու է իր ուժերի «պրոեկցիա» իրականացնել այս տարածաշրջանում: Եթե ՌԴ-ը նման կերպ արձագանքեց հարաբերականորեն հեռավոր Սիրայում, ապա հարևան տարածաշրջանում ուժերի կենտրոնացման հավանականությունն ավելի մեծ է: Իսկ սա ստատուս-քվոն ցեմենտող գործոն է», - եզրափակեց նա: