ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ վերջին մեղադրյալի մասով նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի մի շարք բնակիչներ, խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, դեռեւս 2016 թվականին՝ տարբեր ժամանակահատվածներում, գրավատանը գրավադրել են ոչ պաշտոնական արտադրողների կողմից թողարկված, տարբեր մոդելների ավելի քան 100 բջջային հեռախոսներ՝ դրանք ներկայացնելով պաշտոնական արտադրողի կողմից թողարկված, եւ դրանց դիմաց խարդախությամբ ստացել առանձնապես խոշոր չափերի՝ 7.845.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարած անձանց շրջանակը եւ ինքնությունը:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից չորսին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել՝ գրավատան սեփականատիրոջից խարդախությամբ զգալի եւ խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար, եւ քրեական գործից անջատված այդ մասն ուղարկվել է դատարան:
Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել` 6 անձի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է դիմողի բողոքը): Վերջիններս վերականգնել էին գրավատան սեփականատիրոջը պատճառած գույքային վնասը:
Իսկ քրեական գործով եւս մեկ մեղադրյալի՝ երեւանաբնակ 37-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, կալանք դրվել գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: