Ադրբեջանը հայկական ԱԹՍ չի խոցել. ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուրերը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Եթե նման բան լիներ առաջինը մենք կհայտնեինք»,- նշել է խոսնակը:
VERELQ-ը հիշեցնում է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական ԶՈՒ սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է Տավուշի բնակավայրերը, մասնավորապես, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով: