Հետաքննության մեխանիզմների ներդրումը անվտանգություն չի ապահովի, բայց կչեզոքացնի ռիսկերը
Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն չի ապահովի, սակայն դա հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այս մեխանիզմների ներդրումը դեռևս չի հաջողվում քննարկումների առաջնային օրակարգ բերել, սակայն այս փուլում, բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ: Այս տեսանկյունից միջնորդ երկրները ևս մեծ անելիքներ ունեն:
Հիշեցնեմ, որ այս համակարգի ներդրման թեման ակտիվ քննարկումների փուլ մտավ 2014-16 ժամանակահտվածում, երբ Հայաստանի ու Արցախի սահմանին ակտիվ դիվերսիոն, հրետանային մարտեր էին ընթանում:
Ապրիլյան մարտական գործողություններից հետո այն դարձավ բանակցությունների առաջնային օրակարգ՝ ամրագրվեց, վերահաստատվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներով:
2018-ին այն մի շարք գործոններով պայմանավորված երկրորդ պլան մղվեց, սակայն ներկայումս Հայաաստանի ներկայիս իշխանությունները կրկին փորձում են օրակարգ վերադարձնել: Թե դա որքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»,- գրել է փորձագետը: