24.11.2024
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերը վճռականորեն տապալվեցին. ԱԳՆ

Հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ արեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին «Sky News Arabia» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Ես կարծում եմ, որ մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղի համակարտության միայն մեկ լուծում. լուծում, որը հիմնված է ամուր փոխզիջման վրա երեք ներգրավված կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև»,- ասել է նա:


Զոհրաբ Մնացականյանի խոսքով, Ադրբեջանի առավելապաշտությունն խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու միակ խոչընդոտն է: Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված շարունակական ագրեսիվ, թշնամական, ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին և Արցախին ուղղված պատմական պահանջները, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը եղել են այսօրվա մեր իրադրության ակնհայտորեն ընդգծված պատճառները:


«Սա նոր փորձ էր, սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրվեց, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, որ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ևս մեկ անգամ շատ հստակ ձևով ի ցույց դրվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: Մենք շարունակում են հանձնառու լինել բացառապես խաղաղ կարգավորմանը և ամենաորոշիչ և վճռական ձևով մերժում ենք ռազմական լուծումը», - ընդգծել է նա:


Հաղորդավարի հարցին, թե՝ եթե հիմնական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է, ապա ինչու՞ են այս անգամ ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում, Զոհրաբ Մնացականյանը ենթադրել է, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից.


«Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու, այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին»։ 


Ինչ վերաբերում է Թուրքիայի աջակցությանը Բաքվին ու Էրդողանի հայտարարությանը, որ իրենք լիովին Ադրբեջանի կողքին են ու պատրաստ են անգամ վրեժխնդիր լինել Ադրբեջանի բանակի սպանվածների համար, արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը զարմացած չէ Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում:


«Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում: Մենք ուշադրությամբ հետևում էինք այդ հայտարարություններին, և այդ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներից մեկը մեր տարածաշրջանում Թուրքիայի պատմական առաքելության մասին է: Մենք ստիպված ենք հիշեցնել, որ դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը»,- նշել է նա:


Սա տարածաշրջանում ուժի և ուժային քաղաքականության դրսևորում էր, շարունակել է նա, որ արտահայտեց նրանց նկրտումները, մեր տարածաշրջանում անկայունություն սերմանելու նրանց քաղաքականությունը: Թուրքիայի այս շատ վտանգավոր աշխարհաքաղաքական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և որևէ կերպ չի նպաստում ամուր, ուժեղ կայունությանը մեր տարածաշրջանում, վստահ է նախարարը.


«Այս քաղաքականությունը կտրականապես հակասում է մյուս գործընկերների և հարևան երկրների քաղաքականությանը, որոնք ավելի հավասարակշռված են եղել, ավելի զգուշավոր և ընկալող, որ մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն տարածաշրջանի որևէ երկրի հաշվին: Ուստի, Թուրքիայի միակողմանի մոտեցումը, Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը: