ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ընդհանուր գոհունակություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում:
«Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է»,- նշել է նա:
Բացի այս, Հայաստանի վարչապետը իր կարծիքն է հայտնել Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ.
«Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին.
«Սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ)»,- հավելել է նա: