24.11.2024
Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել
prev Նախորդ նորություն

Համանախագահները կոչ են անում կողմերին արագ վերսկսել առարկայական բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանում գրանցված զինված միջադեպի առնչությամբ։


«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի։


Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչն ուղիղ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից:


Կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողությունները սանձազերծելու մեջ։ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա սրումը կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ:


Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում նաև հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, հենց որ թույլ տան հանգամանքները»:


Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Պարբերաբար կիրառվել է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը հայտնել է հինգ թեթև վնասվածքներ ստացած զինծառայողների մասին: Հայկական կողմը կորուստներ չունի։


Հայկական կողմի հաղորդմամբ ՀՀ զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի, Panarmenian.net-ին ասել է տեղեկացված աղբյուրը, որի անունը՝ ելնելով իրավիճակից, լրատվամիջոցը չի բացահայտում:


Ավելի վաղ փորձագետ, ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։