ՄԱԿ-ում տարածվել է Ժնևի կոնվենցիաների արձանագրությունների կատարման մասով Արցախի զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը (https://undocs.org/ru/A/74/871)՝ զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Զեկույցը նաև փոխանցվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցը ներառում է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ 1949 թ. Ժնևի չորս կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների (1977 թ.) դրույթներն ընդգրկելու, ինչպես նաև տեղեկատվություն՝ զինծառայողների շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ՝ պատերազմական իրավիճակում զինված ուժերի վարքականոնները միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով:
Արցախի Հանրապետությունը միացել է վերը նշված կոնվենցիաներին և արձանագրություններին 1993 թվականին՝ հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի որոշման հիման վրա: